top of page

in light of Meta's controversial updates on personal data protection

text and letter in armenian

in light of Meta's controversial updates on personal data protection

2024 թվականի հունիսի 26-ից Մետան (Meta) իր Facebook եւ Instagram հարթակներում որպես մուտքային տվյալ (input) սկսել է օգտատերերի ստեղծած բովանդակությունն օգտագործել սեփական արհեստական բանականության մոդելները զարգացնելու (AI model training) նպատակով։

Այս ծանուցմանը զուգահեռ՝ Մետան միաժամանակ հրապարակել է ձեւանմուշ , որը լրացնելով, Facebook եւ Instagram հարթակների օգտատերերը կարող են դիմել Մետային՝ իրենց վերաբերյալ տեղեկատվությունն ու ստեղծած բովանդակությունը Մետայի արհեստական բանականության մոդելների զարգացման համար չօգտագործելու հայտով։ Հրապարակված առցանց ձեւանմուշով հայտ ներկայացնելիս՝ օգտատերը կարող է ցանկից ընտրել, թե որ պետությունից է հայտն ուղարկում, որպեսզի Մետան հայտի քննարկումը դիտարկի օգտատիրոջ ռեզիդենտ պետության օրենսդրության համատեքստում։ Այդ ցանկում Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ։

Կարեւոր է արձանագրել, որ Մետան չի հրապարակել հայտերը մերժելու եւ բավարարելու հստակ չափանիշներ՝ դրանք թողնելով սեփական հայեցողության դաշտում, ինչն էլ ավելի խնդրային է դարձնում առկա ընթացակարգն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ Ավելին, հրապարակված չէ որեւէ ուղեցույց, որը կպարզաբաներ առնվազն հետեւյալ հարցերը․

- ի՞նչ իրավական հիմք(եր)ով են մշակվում անձնական տվյալները,
- ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում այս գործընթացը,
- ո՞ր տեսակի անձնական տվյալներն են հավաքվում՝ հետագա մշակման համար,
- որքա՞ն ժամանակ են պահպանվելու այդ տվյալները,
- ինչպե՞ս են մշակվելու եւ պահպանվելու զգայուն տվյալները (sensitive data),
- ինչպե՞ս են պաշտպանվելու անձնական տվյալները,
- ինչպե՞ս է ապահովվում օգտատիրոջ՝ իր անձնական տվյալները մշակելուց հրաժարման հարցերը,
- ինչպե՞ս են օգտագործվելու այդ անձնական տվյալները,
- ինչպե՞ս է կարգավորվում անձնական տվյալները երրորդ կողմին տրամադրելու հարցերը,
այլ։

Նշվածի համատեքստում խիստ մտահոգիչ են հատուկ կատեգորիայի անձնական տվյալների, այդ թվում՝ անձի առողջական վիճակին վերաբերող տեղեկությունների հավաքումը, մշակումն ու որեւէ եղանակով օգտագործումը։ Համադրելով նկարագրած իրավիճակը սոցիալական այս հարթակներում առողջությանն ու առողջական վիճակին վերաբերող ահռելի տեղեկատվության (խմբեր, հայտարարություններ, նկարներ (այդ թվում՝ բժշկական հաստատությունների կողմից տրամադրված), գրառումներ, այլ) ծավալների հետ՝ անհրաժեշտ է հրատապ արձագանքել ստեղծված իրավիճակին։

Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից առկա այս մտահոգություններով է նաեւ պայմանավորված, որ Եվրոպական միությունում անձնական տվյալների պաշտպանության հարցերը կարգավորող մարմիններն արգելել են Մետային ԵՄ ռեզիդենտների անձնական տվյալներն ու ստեղծվող առցանց բովանդակությունն օգտագործել արհեստական բանականության մոդելները զարգացնելու նպատակով։

Այս առնչությամբ կարեւոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը որեւէ հրապարակային հայտարարություն չի տարածել Մետայի վիճահարույց փոփոխությունների առնչությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, ուստի առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու ստանձնած միջազգային պարտավորություններով՝ կոչ ենք անում Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը հրապարակել հարցի առնչությամբ իրականացրած գործողություններն ու միաժամանակ նախաձեռնել գործընթաց՝ արգելելով Մետային հավաքել, մշակել ու որեւէ եղանակով օգտագործել ՀՀ ռեզիդենտների անձնական (այդ թվում՝ հատուկ կատեգորիայի) անձնական տվյալները՝ այդկերպ ապահովելով ՀՀ ռեզիդենտների անձնական տվյալների էֆեկտիվ պաշտպանությունը։

bottom of page